«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Աստվածաշնչի բարերար ազդեցությունը

Աստվածաշնչի բարերար ազդեցությունը
01.09.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք,
Նույնպես և քաղցր` մեղրի խորսխից ավելի։
Եվ քանի որ Քո ծառան պահպանում է դրանք,
Պահպանելու վարձը մեծ կլինի (Սաղմ. ԺԸ 11, 12):
Մեր օրերում Ավետարանի` մարդկանց վրա գործած բարերար ազդեցության մասին ամենից լավ է հարցնել նրանց, ովքեր բարեպաշտ սովորություն ունեն ամեն օր այդ հրաշալի Գրքից ինչ-որ բան կարդալու։ Հավանաբար նրանք կասեն մեզ, թե Ավետարանը դյուրացնում և ամոքում է ամեն վիշտ, նվիրագործում ու հաստատում մաքուր խնդությունը, ինչպես բովի մեջ` փորձում, մաքրագործում և վսեմացնում է զգայական ուրախությունը։
Ավետարանն օժտված է նաև խորհրդավոր, մարդու քննող բանականության հայացքից սպրդող շնորհական զորությամբ, որը, մարդու հստակ գիտակցումից անկախ, ի զորու է վերականգնելու, կենդանացնելու, մխիթարելու և բժշկելու։ Այս զորությունը ելնում է Ավետարանի` Աստծու կենդանի, ազդու և հատու խոսքից։ Այս զորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդն ընկնում է ծանր կացության մեջ (օրինակ` երբ նրանցից երես են թեքում երջանկությունը, ընկերներն ու հարազատները, արդարությունը, նրան լքում է այն ամենը, ինչի վրա կարող էր հույս դնել)։ Դիմելով Ավետարանին` նա այնտեղ գտնում է օգնություն, մխիթարություն և հանգստություն նեղությունների ծանրության տակ կքած իր հոգու համար։
Այսպիսով, եթե դուք կարիքի, վշտի և անձկության մեջ եք, եթե ձեզ հալածում են, նվաստացնում, վիրավորում, զրկում հասանելիքից, փութով դիմե՛ք սուրբ Ավետարանին` փրկարար համբերության շնորհական արիությամբ ու ցանկալի մեծահոգությամբ հավաստիորեն լցվելու համար։ Ոչի՛նչ, եթե դժբախտություններն ու տրտմությունը կարծես դարձել են ձեր անբաժան ուղեկիցն ու մշտական վիճակը. այս դեպքում ևս սուրբ Ավետարանից կստանաք այն, ինչը ձեր ծանր ու խավարամած կյանքը կդարձնի դյուրին ու լուսավոր։ Սուրբ Ավետարանն իր հրաշալի կենարար զորությամբ իրական կդարձնի ձեզ համար Տիրոջ` հրեաների հետ զրուցելիս ասած խոսքը. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28)։
Սուրբ Ավետարանի էջերը տոգորված են աստվածային առանձնահատուկ զորությամբ, որը կարող է վերականգնել, մխիթարել, բժշկել, կենդանացնել, բարելավել, վսեմացնել ու սրբագործել մարդուն։ Ո՞վ չունի այս զորության կարիքը։ Բոլորն էլ անխտիր ունեն։ Հետևաբար բոլորն էլ, առանց բացառության, պետք է լսեն կամ կարդան սուրբ Ավետարանը։
Սուրբ Սերաֆիմ Սարովսկին, որը յուրաքանչյուր շաբաթ կարդում էր բոլոր Ավետարանները, Գործք առաքելոցը և առաքելական թղթերը, Սուրբ Գրքի ընթերցանության մասին այսպիսի խոսքեր ունի. «Սրանով ոչ միայն հոգիս, այլև մարմինս է երանանում ու ոգեղենանում։ Սուրբ Գիրքն ընթերցելիս ես զրուցում եմ Տիրոջ հետ, հիշողությանս մեջ մտապահում եմ Նրա կյանքն ու չարչարանքները, զօր ու գիշեր բարեբանում, փառաբանում եմ Նրան և գոհանում Նրա բոլոր ողորմությունների համար, որ առատորեն շնորհվում են մարդկությանն ու ինձ` անարժանիս»։
Այնքան շոշափելի է ինձ համար շնորհի ներկայությունն Աստծու խոսքի մեջ, որ սիրտս հոգևոր ցնծությամբ է համակվում. ինձ նույնիսկ թվում է, թե կարդում եմ, և Աստծու շնորհը հեղվում է իմ մեջ (ս. Իոան Կրոնշտադտսկի)։
Թեկուզ միայն ընթերցի՛ր Գիրքը։ Եթե նույնիսկ ոչինչ չհիշես, միևնույն է, ընթերցանության ընթացքում օգուտ կստանաս (Ամբրոսի Օպտինսկի)։
ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒրեմն, ինչ որ գրվեց, գրվեց, որ մենք սովորենք, որպեսզի համբերությամբ և գրքերի պարգևած մխիթարությամբ հույսն ընդունենք։ (Հռոմ. ԺԵ 4):
Լսե՛ք, աղաչում եմ ձեզ, բոլոր կանչվածնե՛րդ. ձեռք բերեք հոգու բժշկության Գրքերը։ Եթե չեք կամենում բոլոր գրքերը, ձեռք բերեք գոնե Նոր Կտակարանը, Գործք առաքելոցը, Ավետարանը` մեր մշտական դաստիարակներին։ Թե վշտացել ես, կառչի՛ր դրանց, ինչպես բալասանով լեցուն անոթի, եթե զրկվել ես ինչ-որ բանից կամ մերձավորիդ մահը, կորուստն ես տեսել, այդտեղի՛ց մխիթարություն գտիր քո դժբախտության մեջ։ Կամ, կառչելուց առավել, սրտիդ մեջ ընդունի՛ր և մտապահի՛ր...
Ո՛չ փառքի մեծությունը, ո՛չ իշխանության բարձրությունը, ո՛չ ընկերների ներկայությունը, ո՛չ էլ մարդկային որևէ այլ բան ի զորու չեն ամոքելու վիշտն այնպես, ինչպես Աստվածաշնչի ընթերցանությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև սրանք երկրավոր և ժամանակավոր բաներ են, ուստի և նրանց սփոփանքն էլ վաղանցիկ է, իսկ Սուրբ Գրքի ընթերցանությունը զրույց է Աստծո հետ։
Սուրբ Գրքի չիմացությունն է բոլոր չարիքների աղբյուրը։ Մենք պատերազմելու ենք գնում անզեն, հապա ինչպե՞ս պիտի փրկվենք։ Դյուրին է փրկվել Աստվածաշնչով, իսկ առանց դրա անհնար է (ս. Հովհաննես Ոսկեբերան)։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն (Սաղմ. ՃԺԸ 165):
Անհնար է, որ հոգին խաղաղության մեջ հանգրվանի առանց զօր ու գիշեր Տիրոջ օրենքն ուսանելու, քանզի այն գրված է Սուրբ Հոգու կողմից։ Սուրբ Հոգին Գրքից անցնում է հոգու մեջ, և հոգին լցվում է քաղցրությամբ ու բավականությամբ և այլևս չի ցանկանում սիրել երկրայինը, քանզի սերը երկրայինի նկատմամբ ամայացնում է հոգին։ Իսկ նման վիճակում հոգին վհատվում է ու վայրենանում։
Տեսնելով, որ հոգին չի հաղորդակցվում Աստծու հետ` թշնամին սասանում է այն և, չհանդիպելով դիմադրության, նվաճում է միտքը` հոգին մի չար մտածումից մյուսին մղելով։ Այդպիսով, հոգին ամբողջ օրն անցկացնում է այս թոհուբոհի մեջ և ի զորու չի լինում հստակորեն հայելու Աստծուն (Սիլուան վանական)։
Եկե՛ք և հաղորդվեցե՛ք անգերազանցելի և իր նմանը չունեցող իմաստությանը, սովորե՛ք Աստծու խոսքից, ճանաչեցե՛ք հավիտենական Թագավորին։ Աստծու խոսքն իր զորությամբ թափանցում է մեր հոգիների մեջ։ Օ՜, ինչպիսի՜ խաղաղության բանբեր է քեզ համար, մարտնչո՛ղ հոգի։ Ինչպիսի՜ միջոց է կրքերի անագորույն պոռթկումները սանձահարելու համար։ Այս զորությունը մեզ չի դարձնում ո՛չ բանաստեղծ, ո՛չ իմաստուն, ո՛չ էլ անվանի հռետոր, այլ առաջնորդում է դեպի վեհ գաղափարներ. մեզ` մահկանացուներիս, տանում է անմահության` այսրաշխարհից ուղեկցելով դեպի անդրաշխարհ (ս. Հուստինոս Վկա)։
Եթե խռովված ես, նախ և առաջ կարդա՛ Ավետարանը շշնջալով, որ ականջներդ լսեն, կարդա՛ թեկուզ առանց հասկանալու։ Սուրբ Հոգու խոսքը կհալածի հոգեկան խավարը, առավել ևս` թշնամականը (Ամբրոսի Օպտինսկի)։
Մի ծեր ասաց, թե Սուրբ Գրքի ընթերցումը, տքնությունն ու աղոթքը առ Աստված են դարձնում մոլորված մտքերը, իսկ սաղմոսերգությունը, համբերությունը և ողորմությունը հանդարտեցնում են բարկությունը (Վարք հարանց)։
ՏԻՐՈՋ ԽՈՍՔԸ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ, ԻՄԱՍՏՆԱՑՆՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՀՈԳԻՆԵՐԸ
Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները:
Տիրոջ վկայությունը ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին:
Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը:
Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս աչքերին։
Տիրոջ երկյուղը սուրբ է և սուրբ է մնում հավիտյան։
Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին արդար (Սաղմ. ԺԸ 8-10)
Ոչինչ այնպես չի սնում հոգին և զորացնում միտքը, որքան Ս. Գրքի ընթերցանությունը։ Դուք դրանից առավելագույն օգուտ կստանաք. կլինեք հաստատակամ, բարեպաշտ, Քրիստոսի սիրով կկատարեք ձեր պարտականությունները և անցողիկն ավելի ցածր կհամարեք, քան ամենայն մարդկային միտք ու հասկացություն գերազանցող խոստացված հավիտենական բարիքները (ս. Թեոն)։
Փութաջանորեն կառչի՛ր Ս. Գրքին, և Գիրքը դուրս կքշի անմաքրությունները (այսինքն` պիղծ մտքերը) (ս. Անտոն Անապատական)։
Ինչպես որ գիշերն ի զորու չէ կլանելու երկնակամարում փայլող աստղերը, այդպես էլ, անշուշտ, երկրի չարությունը չի կարող խավարեցնել Ս. Գրքի հիմքին ամուր կառչած հավատացյալների հոգիները (Հռոմի պապ Զեֆիրին)։
Չգիտեմ` արդյոք կարո՞ղ է նորոգվել միտքն այն մարդու, ով անտարբեր է Ս. Գրքի և հոգևոր գիտության մեջ վարժվելու նկատմամբ։ Եթե նույնիսկ այս վարժանքի միջոցով չնորոգվի այս միտքը, որն այստեղ իր գիտական ճանաչողության սահմանների ընդլայնումն է փնտրում, ապա, համենայն դեպս, կնորոգվի այն միտքը, որն առաջնորդում է մեզ դեպի ազնվություն, մարդասիրություն, հավատ և կայունություն... Ով այսպես չի նորոգում իր միտքը, նա մոլորված է և խաբված (Որոգինես Ալեքսանդրացի)։
Այնժամ, երբ միտքը ցրված է, աղոթքից առավել անձնատո՛ւր եղիր ընթերցանությանը, քանզի Սուրբ Գրքի ընթերցանությունն անաղարտ աղոթքի աղբյուր է։
Եթե անգամ կարճ ժամանակով ընդհատվի Ս. Գրքի ընթերցումը, մարդը կբռնվի կրքերով (ս. Իսահակ Ասորի)։
Աստծու պատվիրանների խորհրդով սուրբ զորությունները մաքրում են մեզ բոլոր աղտեղություններից և բնության խորհուրդներով ու աստվածային խոսքերով բերում են մեզ կատարյալ իմաստության (Եվագր Պոնտացի)։
Դարձի՛ր Աստվածաշունչ Գրքերի ամենօրյա զրուցակիցը և նրանց հետ զրույցի միջոցով կհալածես օտար մտքերի հարձակումները։ Ով Սուրբ Գրքերի մեջ վարժվելով սրտում ամբարում է հոգևոր գիտության գանձերը, նա դյուրությամբ վանում է օտար մտքերը։
Հսկումի գիշերային ընթերցանության ժամանակ Աստվածաշունչ Գրքերը լսելիս քնով չխլացնենք մեր լսողությունը, ոչ էլ հոգին գերության հանձնենք մտքերին։ Այլ Գրքի խայթոցով խոցենք մեր սրտերը, որ խոնարհվելով` լցվենք փրկության հանդեպ նախանձախնդրությամբ և խափանենք զազրելի անփութությունը (ս. Նեղոս Սինայեցի)։
Լույս են սրբազան Գրքերը` Աստծուց մեզ պարգևված, և լույսի ցոլքեր են արձակում մեր մտքերում ու լուսավորում` գրվածքների միջոցով տեսնելու հոգեղենը (ս. Դիոնեսիոս Արեոպագացի)։
Աստծու խոսքը լույս է և հուր, քանզի սրբագործում է բնական մտքերը և այրում անբնականները, ինչպես նաև փարատում է նրանց զգայական կյանքի խավարը, ովքեր պատվիրանապահությամբ ձգտում են բաղձալի լավագույն կյանքին, և դատաստանի ու դատապարտության հրով պատժում է նրանց, ովքեր ինքնահաճ կերպով, մարմնի սիրուն կառչում են զգայական կյանքի այդ խավար գիշերին (ս. Մաքսիմ Խոստովանող)։
Սուրբ Գրքի ընթերցանությունը կարող է բավականաչափ լուսավորել ու հավաքել միտքը, քանզի աստվածաշնչյան Գրքերը Սուրբ Հոգու խոսքերն են և ըստ ամենայնի իմաստնացնում են ընթերցողներին... Հոգևոր զորություն ստանալուց առաջ մի՛ կարդա ճշմարիտ հավատին խորթ գրքեր, քանզի դրանք լցված են խավարով և մթագնում են տկարների մտքերը (ս. Հովհաննես Կղեմաքոս)։
Ինչպես աստղերի փայփլող բույլն է լուսավորում երկինքը, այդպես էլ աստվածային խոսքերի ճշմարտությունն է լուսավորում մարդուն` ներսում դրված ճրագի պես։ ՈՒստի բոլորս էլ կրենք ճշմարտության միևնույն պատկերը, քանզի Տերը համախոհներին է տանը բնակեցնում (ս. Նեղոս Սինայեցի)։
Իրենց ձեռքն Ավետարանի մաճի վրա դրածները թող այլևս հետ չնայեն և չլսեն իրենց հետ պահողներին, ամբողջ մտքով թող առաջադիմեն և մարմնով ընթանան այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցին (Հովհաննես Սարկավագ)։
Հոգևոր գինին, որ Սուրբ Գրքի իմաստությունն է, տո՛ւր նրանց, ովքեր զուրկ են առաքինությունից, տրտում ու տկար են մեղքերի առատությունից, նրանց, ովքեր մշտապես ցավում ու տրտում են խղճմտանքից, նրանց տո՛ւր այն գինին, որն ասում է. «Ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու եկա», և թե` «Եկե՛ք բոլոր հոգնածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ, և թե` «Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորների համար, որոնց գլուխը ես եմ» (ս. Գր. Տաթևացի)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց` սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ ձեր սրտերում օրհնելով Աստծուն (Կող. Գ 16):
Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ։ Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմածության, խոնարհության ու սիրո հանդեպ սերը Գրքից է ծագում մարդկանց մտքում։ Արիության ու համբերության, հուսո և երկյուղի ու բոլոր բարեգործությունների պատճառը մեզանում Սուրբ Գիրքը մաքուր մտքով կարդալն է։ Նաև օրենքների, կանոնների և բոլոր բարեգործությունների պատճառն ու հաստատությունն աշխարհում Գիրքն է։
Այլև մեռոնի, խաչի և եկեղեցու օրհնությունը, քահանայական ձեռնադրությունը, թագավորական օծումը և քրիստոնեական պատարագի բաշխումն ըստ Սուրբ Գրքի ենք կատարում։ Նաև քրիստոնեական հավատն ու մկրտությունը, օրինավոր ամուսնությունը, մահն ու կյանքը, հանդերձյալ կյանքի ծանոթությունը, երկնքի արքայության մասին տեղեկությունն ու աստվածճանաչողությունը և ամեն ինչի սկիզբն ու վախճանը մենք Գրքից ենք իմանում։ Եվ չկա որևէ հոգևոր գործառություն կամ բարեկարգություն, որ առանց Գրքի լինի (Խոսրով Անձևացի)։
Կատարյալ քրիստոնյայի բովանդակ կյանքը նման է սրբազան հանդեսի. նրա զոհաբերություններն աղոթքներն են, նրա աստվածապաշտությունը` Աստվածաշնչի ընթերցանությունը... Քաջատեղյակ լինելով Սուրբ Գրքին և ծերության մեջ էլ ընթերցելով այն` նա ապրում է` լիովին հնազանդվելով Ավետարանին... Նրա բովանդակ կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուսում և գործեր` հիմնված Տիրոջ վարդապետության վրա (Կղեմես Աղեքսանդրացի)։
Պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ